National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.12.2022
Նախագծով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն
1 / 4

Առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որին ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ Փրկարար ծառայությունը: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից` 36 օրենքների նախագծերի փաթեթը:

Ստեղծվելիք նախարարության ենթակայությանն են հանձնվելու նաեւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները: Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու եւ այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը` Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ:

Ոստիկանության պետը եւ Փրկարար ծառայության տնօրենը հանդիսանալու են ՆԳ նախարարի տեղակալներ: Ենթակա 3 մարմինների ղեկավարները շարունակելու են իրականացնել իրենց ծառայությունների ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ քաղաքական պատասխանատուն լինելու է ՆԳ նախարարը:

Մասնավորապես, Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտում քաղաքականության մշակման եւ իրականացման համար, կադրային  նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին` Ոստիկանության պետը: Անդրադառնալով պատգամավորների հարցերին` փոխնախարարը հայտնել է, որ վերոնշյալ կառույցների աշխատակիցների սոցիալական վիճակը փոփոխությունների արդյունքում չի վատանալու:

Քննարկման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգությունները:

Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով ճիշտ կլիներ, եթե տարածքային կառավարումը նույնպես փոխանցվեր ՆԳ նախարարությանը: Սա, ըստ պատգամավորի, սկզբունքային հարց է: «Եթե այս փուլում գումարենք այլ լիազորություններ եւս, պետք է նշեմ, որ  շատ ռիսկային կլինի, հետեւապես, մեր առաջարկն է` այս մոդելով մտնել պրակտիկ իրականացման փուլ, եւ հետագայում համատեղ հասկանալ`  կա՞ն այլ ֆունկցիաներ, որոնք կարելի է տեղափոխել ՆԳՆ տիրույթ եւս, թե՞ չկան, թե՞ բավարար է այն, ինչ մենք նախատեսում ենք: Ինչ վերաբերում է տարածքային կառավարմանը, կարծում եմ, որ եթե այդ ֆունկցիան էլ բերենք ՆԳՆ, կստացվի, որ նախարարության ներքո տարբեր ֆունկցիաներ ենք գեներացնում, որն այս փուլում կարող է կրկին ռիսկեր առաջացնել: Դրա համար մենք այն համոզման ենք, որ պետք է ոչ թե ամբողջը կենտրոնացնել ՆԳՆ ընդհանուր ֆունկցիոնալ բազայում, այլ հորիզոնական մակարդակում ապահովել մեր երկու նախարարությունների արդյունավետ համագործակցությունը, ինչը տարիներ շարունակ խնդիր է եղել հանրապետությունում»,- ասել է հիմնական զեկուցողը:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումը` նշելով, որ ՆԳ նախարարության ստեղծումը բխում է ոստիկանության ոլորտի բարեփոխման ռազմավարությունից:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն քննարկվելու է դեկտեմբերի 9-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանձնաժողովի արտահերթ նիստին մասնակցել են նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am